Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
28/3/2022
share

Վահագնեցի բլոգեր Լիլիթը և իր բլոգը

Մասնագիտությամբ ծրագրավորող 21-ամյա Լիլիթ Կոստանյանի սիրելի հոբբին լուսանկարելն է։ Արդեն տևական ժամանակ է՝ սիրելի զբաղմունքը օգտագործում է  հօգուտ հարազատ գյուղի։
Բացել է Vahagni_Armenia ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերը, որտեղ իր լուսանկարներով հանրությանն է ներկայացնում հայրենի գյուղը՝ Վահագնին։
 «Գյուղի լուսանկարները նախկինում տեղադրում էի անձնական էջերում, հետո տեսնելով, որ նկարներս շատ հավանումների է արժանանում, որոշեցի բացել առանձին էջ՝ Վահագնի գյուղի համար։ Նպատակս՝ գյուղը ճանաչելի դարձնելն էր, ինչպես նաև այն, որ նկարներս պահպանվեն»,-պատմում է Լիլիթը։
 Սկզբում էջի անունը Վահագնի էր, հետո տեսնելով, որ նպանատիպ անուններով  շատ այլ էջեր են բացվում, անունը փոխեց և դարձրեց Vahagni-Armenia։
Էջի համար նաև Վահագն Վիշապաքաղի պատկերով լոգո է ստեղծել։
«Շատ գործնական առաջարկներ եմ ստանում, օրինակ Ֆրանսիայից ամռանը հյուրեր ենք ունենալու, որոնց հետ նախագիծ ենք իրականացնելու, բայց հիմա չեմ կարող բացել չակերտները։ Լուսանկարներիս շնորհիվ մարդիկ սկսում են ճանաչել Վահագնին, ցանկություն հայտնում այցելելու, որը շատ կարևոր է մեր համայնքի համար։ Տարբեր վայրերից լուսանկարելու առաջարկներ էլ եմ ստացել»։
Ասում է նման առաջարկները ստիպված է լինում մերժել, քանի որ չունի լուսանկարչական ապարատ։ Բայց նպատակ ունի ապագայում էջը սիրողականից վերածել գործնականի։ Մտադիր է տուրիստական գործակալություն բացել և հետաքրքիր զբոսաշրջային ուղղություններ մշակել դեպի Վահագնի և ոչ միայն։ Մանավանդ, որ գյուղը զբոսաշրջության զարգացման մեծ հնարավորություններ ունի։  
Լիլիթը իր հաջողությունը համարում նաև այն, որ իր էջի հետևորդներն արդեն իրենք են լուսանկարներ ուղարկում էջում հրատարակելու համար։
«Գաղափարը փաստորեն հասել է սպասված արդյունքին, մարդկանց շատ է հետաքրքրել էջը։ Գյուղի զարմանահրաշ վայրերից արված լուսանկարներս զարմացրել է բոլորին և շատերին «կանչել» Վահագնի»,- ասում է երիտասարդ ծրագրավորող, լուսանկարիչ և բլոգեր Լիլիթ Կոստանյանը։


cvmedia.am Քաղաքացիական լրագրող՝ Մերի Կիրակոսյան

 

4

facebook sharing button facebook